2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունն ամբողջական փաստաթուղթ է, և սա մենք պետք է հաշվի առնենք: Այսինքն՝ այնտեղ կան կետեր, որոնք անհնարինության աստիճանի չեն կատարվել: Օրինակ՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահ կոնտինգենտ չկա, Լաչինի միջանցք չկա, և բազմաթիվ այլ հանգամանքներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հայաստանյան քաղաքական շրջանակների կողմից ասվում է, որ եթե չկատարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, դա կհանգեցնի պատերազմի: Դա կրկնում են նաև պաշտոնական Մոսկվայից ու Բաքվից:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որը մեկնաբանվում է, թե եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել, որ այդ հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի ինչ-որ երրորդ ուժ կամ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը, Փաշինյանը պարզաբանեց. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նման բան չկա գրված: Կա ընդհակառակը, գրված է, որ անվտանգությունը երաշխավորում է ՀՀ-ն (բառացի չեմ կարող հիշել):
Երկրորդը՝ նշվում է, որ անցումը պետք է լինի ՀՀ իրավազորությունից դուրս: Նման բան չկա գրված: ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով, որևէ ձևով, մասամբ կամ ամբողջությամբ իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից և իրավազորությունից ոչ միայն չի հրաժարվել, այլև որևէ կերպ չի համաձայնել իր իրավազորության սահմանափակմանը: Այնտեղ կա ռուսական ԱԴԾ ուժերի մասին, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ այդ ուժերը գետնի վրա պետք է ներկա լինեն»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ ՌԴ նախագահի հրամանագրով ևս անդրադարձ կա այդ թեմային:
«ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 11-ի հրամանագիրն անդրադարձել է այդ թեմային, որտեղ հստակ արձանագրված է, որ սուբյեկտը, որը գործողություններ է անում գետնի վրա, ՀՀ-ն է:
Սա ինչի՞ համար եմ ասում, մեկ և երկու պատճառով, որ ձեր ասած մեկնաբանությունները որևէ հիմք չունեն»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողին: