Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի մի լուծում է, որը հաշվի է առնում և՛ Հայաստանի դիրքորոշումները, և՛ Ադրբեջանի: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային:
«Առաջարկում ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ երկաթուղային բեռնատար, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով՝ Երասխից Մեղրի, պարզ է՝ Հայաստանի տարածքով, կոնկրետ՝ Մեղրիով:
Ինչո՞ւ Մեղրիով, որովհետև մյուս երկաթուղին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա Տավուշի մարզում՝ Հաղարծինի հատվածում, սողանքի բերումով այնպիսի մեծ ավերածությունների է [ենթարկվել], որ այդտեղ երկաթուղին վերականգնելն մեծ ինվեստիցիաների հետ է կապված ու շատ բարդ խնդիր է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ կոմունիկացիաներն այն աստիճան կակտիվանան և եկամտաբերություն կապահովեն, որ այդ շատ մեծ ներդրումն իմաստ կունենա:
Փաշինյանը միաժամանակ ներկայացրեց նաև այս մասով իրատեսական տարբերակը:
«Էժան տարբերակը և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից, Մեղրիով Նախիջևան և հակառակ ուղղությամբ [ապահովելն է], և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ, և Հայաստանը Ադրբեջանի տարածքով՝ միջազգային առևտրի համար, Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ առաջարկի կարևոր նրբությունն այն է, որ հաշվի առնելով մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը՝ այս փուլում որոշ ժամանակ կսկսվեն բեռնափոխադրումները, հետո երբ մթնոլորտն ավելի համապատասխան կլինի, կմտածեն նաև ուղևորափոխադրումների մասին:
«Մենք այդ առաջարկն արել ենք, անկեղծ ասած՝ սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին: Եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով՝ այն, որ բանակցությունների ընթացքում արտահայտվել է, լավ չեմ պատկերացնում, թե ինչու դա պետք է մերժեն»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այս առաջարկով երկու կողմերի առաջադրած խնդիրները լուծվում են:
Միաժամանակ Փաշինյանը չբացառեց, որ ինչ լուծում էլ լինի, ադրբեջանական կողմն իր ձևով է այն անվանելու, մեկնաբանելու, հայկական կողմը՝ իր:
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով»,- հայտարարեց Փաշինյանը: