Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, Քրեական օրենսգրքով նախատեսված արարք: Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ որ նա երևույթի մասին խոսելիս ասում է՝ Ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բաներ է օգտագործում նկարագրելու համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, թե խոսքն այլ բանի մասին է:
«Հետևյալի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին: Մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ կարո՞ղ է ճշգրիտ չենք ընկալում, կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին, կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր, այս հարցը հրատապ է եղել դարասկզբին: Ընդ որում՝ ես պատասխան չունեմ: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, ռեֆլեքսիան շատ կարևոր բան է, որ մենք վերադառնանք, և մեր բանաձևերին նորից անդրադառնանք: Մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պիտի խոսենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, ընկալված է երիտթուրքերի և ՀՅԴ հարաբերությունների հարցը: Ընդ որում՝ երբ որ սա մենք քաղաքականացնում ենք և փորձում ենք օգտագործել գործիք այսօրվա ՀՅԴ-ին քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է, լրիվ դառնում է ուրիշ բան, էլի դառնում է նախկին-ներկա խոսակցություն,- ասաց վարչապետը և ավելացրեց,- ես այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկալիպտիկ, երբեմն փրկչագործական այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզվի՝ Խրիմյան Հայրիկի ժամանակներից միջազգային հարաբերությունները և աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել: Ա՛յ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է»:
Վարչապետը նշեց. «Ես ոչ միայն ձվածեղ եմ սարքում, այլև անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն, և եթե պետք է առավոտյան ոչ թե 5-ին, այլ 4-ին արթնանալ կամ մի ժամ ուշ քնել և մի ժամ տրամադրել դրան, որ հանկարծ խոսակցություն չգա, որ գործը թողած՝ զբաղված է Հայոց պատմություն կարդալով»:
Վարչապետն ընդգծեց, որ մեր հարցերին պետք է պատասխանել այնպես, որ բանաձևը լուծվի հետևյալ կերպ. «ՀՀ հարատևությունը իր միջազգային ճանաչված տարածքով ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի է և այդպես էլ լինելու է»: