Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի համաձայն՝ պաղեստինցի գրոհայինները հինգշաբթի ազատ են արձակել երեք իսրայելցի պատանդի, ինչպես նաև Թաիլանդի հինգ գերեվարված քաղաքացու։ Այսօր ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի ևս երկու իսրայելցու՝ 110 պաղեստինցի բանտարկյալի դիմաց, որոնցից 32-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ ահաբեկչական գործունեության համար, իսկ 48-ը պետք է երկար ժամանակ պատիժ կրեին նույն հոդվածով։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Այդ ժամանակից ի վեր երկու փոխանակման շրջանակում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել յոթ պատանդի, իսկ Իսրայելը՝ 290 պաղեստինցի բանտարկյալի:
Իսրայելական Kan ռադիոն էլ հաղորդել է, որ Իսրայելը կասեցրել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Ռադիոյի աղբյուրը հայտնել է, որ որոշումը կայացվել է այսօր Խան Յունիսում իսրայելցի պատանդների ազատ արձակման ժամանակ առաջացած «քաոսի» պատճառով։