ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գուանտանամոյի ռազմաբազայում անօրինական ներգաղթյալների համար կենտրոն ստեղծելու իր որոշման մասին։
Նա մտադիր է միգրանտներից 30 հազար «ամենավտանգավոր հանցագործներին» ուղարկել Կուբայի ծոցում գտնվող ամերիկյան ռազմածովային բազա։
Գուանտանամոյի ռազմաբազայի համանուն բանտը բացվել է 2002 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել միջազգային ահաբեկչության հոդվածներով դատապարտվածների համար։ Սակայն այնտեղ պարբերաբար պահվում են նաև անօրինական միգրանտներ՝ հիմնականում Հայիթիից և Կուբայից: Տասը տարի առաջ բանտում հարյուրավոր բանտարկյալներ կային, այսօր՝ մի քանի տասնյակ։
Միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են նախագահի ծրագրերը։
Թրամփը ստորագրել է նաև Լեյքեն Ռայլի օրենքը, որը դաշնային իրավապահ մարմիններից պահանջում է կալանավորել անօրինական ներգաղթյալներին, որոնք կասկածվում են գողության և բռնությունների համար, նույնիսկ եթե նրանց դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել: Օրենքն անվանվել է 22-ամյա ուսանողուհու անունով, ում Վենեսուելայից անօրինական ներգաղթյալը սպանել էր 2024 թվականի փետրվարին Ջորջիա նահանգում։