Տեխնոլոգիական հսկան Meta-ն համաձայնել է վճարել 25 միլիոն դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դատական վեճը լուծելու համար այն բանից հետո, երբ նա դատի էր տվել ընկերությանը՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհից հետո Facebook-ում և Instagram-ում իր սոցիալական ցանցերի հաշիվներն արգելափակելու համար:
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, գործարքի պայմանների համաձայն՝ 22 մլն դոլարը կուղղվի նախագահական գրադարանի հիմնադրամին, իսկ մնացածը կուղղվի իրավական ծախսերին։ Միաժամանակ կորպորացիան հրապարակայնորեն չի ընդունի իր մեղքը՝ նշվում է հրապարակման մեջ։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը վերջին շրջանում փորձում է բարելավել հարաբերությունները Թրամփի հետ, որպեսզի պաշտպանի իր կորպորացիան նոր վարչակազմի հնարավոր հարվածից։ Meta-ն երկար ժամանակ եղել է Վաշինգտոնի պահպանողականների հարձակումների թիրախը, նրան մեղադրում են դեմոկրատների օգտին կողմնակալության համար:
Թրամփի երդմնակալությունից առաջ «Մետան» հայտարարել է, որ վերացնում է փաստերի ստուգումը իր հարթակում, ինչը ներկայիս նախագահն ու նրա դաշնակիցները վաղուց պահանջում էին:
Թրամփի Facebook, Instagram, Twitter (Իքս) և YouTube հաշիվները արգելափակվել էին 2021 թվականի սկզբին՝ այդ հարթակների կանոնների խախտման պատճառով, նույն թվականի հուլիսին նա դատի էր տվել սոցցանցերի ղեկավարությանը: Twitter-ի դեմ մեղադրանքները մերժվել են, YouTube-ի սեփականատեր Google կորպորացիայի դեմ հայցով գործը փակվել է 2023 թվականին:
Քաղաքական գործչի Twitter-ի հաշիվը վերականգնվել է 2022 թվականին, իսկ մյուս սոցիալական ցանցերինը՝ 2023 թվականին։ Արգելափակման պատճառով 2022 թվականի փետրվարին Թրամփը գործարկել է սեփական Truth Social սոցցանցը, որի միջոցով էլ հաղորդակցվում է համացանցի օգտատերերի հետ: