Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինիքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս համատեքստում ընդգծել ենք ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի ու Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:
Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականությունը: Այս համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»,- ասաց նա: