Առաջարկվում է փոփոխություններ կատարել գիտական կադրերի ատեստավորման կարգում, որը հաստատվել էր 2023-ի տարեվերջին: Փոփոխության նպատակը կարգով սահմանված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտաշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումն է, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2026-ի ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և ոչ միանշանակ գործողություններից: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում գիտաշխատողների հրապարակումների օրինաչափությունների վերլուծություն, պարզվել է, որ կարգում կան որոշակի դրույթներ, որոնք տեղ են թողնում երկակի մեկնաբանությունների, հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից:
«Ուստի այս նախագիծն է ի հայտ եկել, որը նպատակ ունի, մասնավորապես, հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները, որոնք փոփոխությունների մի խումբն են»,- ասաց նա:
Փոփոխությունների երկրորդ ուղղությունը, ըստ նախարարի, այն է, որ հստակեցվել է համարժեքությունների համակարգը, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր, ինչպես նաև կհստակեցվեն աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները, և հայագիտության ու հումանիտար գիտությունների մասնագիտությունների համար տարակարգերի ցածր պաշտոնների պահանջներն առաջիկա ատեստավորման համար կվերաձևակերպվեն 5 տարվա պահանջների 2/5-ի չափով:
«Այս գործընթացը գիտության ոլորտում Կառավարության բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության շարունակությունն է: Մասնավորապես՝ 2022 թվականից մեկնարկած աշխատավարձերի նորմավորման քաղաքականության շրջանակներում, որի ավարտը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման տարակարգի, և դրա արդյունքում մենք փաստացի ունենք աշխատավարձերի առնվազն կրկնապատկում 2021 թվականի նկատմամբ, իսկ որոշ պաշտոնների և տարակարգերի համար աշխատավարձը նույնիսկ քառապատկվել է»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ այս քաղաքականությունն արդեն իսկ տալիս է իր արդյունքը: Հայաստանի գիտնականների հրապարակումները տարեցտարի ավելանում են, մասնավորապես՝ 2023-ի արդյունքներով գրանցվել են պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավոր պարբերականներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշումն այն մասին է, որ 2021-ին ընդունած բարեփոխումների փաթեթը կատարյալ չի եղել, և տեղեկացրեց, որ թեմային առնչվող բազմաթիվ նամակներ է ստացել ոլորտի մասնագետներից:
«Եթե մենք շարունակեինք աշխատել, ենթադրում եմ՝ էլի մի քանի տարի դեռ կշարունակեինք աշխատել կատարելության հասնելու համար: Բայց ես շարունակում եմ մնալ իմ այն կարծիքին, որ մինչև որևէ բարեփոխում կյանքի հետ չի հանդիպում, չի արտահայտվում»,- ասաց նա: