Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, նշել է․ «Սա նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում: Բայց եկեք չմոռանանք, ինչից էր ամեն ինչ սկսվել: Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ: Հիմա հայտարարում են 150 դրամ»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ուղևորատոմսերի համար առաջարկվող արժեքները և պարզել, որ Հայկ Մարությանի հայտարարությունը սխալ է ու մանիպուլյատիվ:
![](https://fip.am/wp-content/uploads/2025/01/474514853_472145065961540_2452942351700982745_n-300x115.jpg)
«Իրականում, քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղևորության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանու փետրվարի 11-ի հերթական նիստի ժամանակ առաջարկվելու է փոփոխել և դարձնել 180 րոպե:
Ուղևորատոմսերից այս տարբերակի մասին Երևանի քաղաքապետը ասել էր, որ 300 դրամանոց տոմսով քաղաքացին կարող է մի քանի տրանսպորտից օգտվել մոտ մեկ ու կես ժամում, քանի որ բարեփոխումների շրջանակում տրանսպորտային գծերի քանակը նվազելու է։ «Դու կրկնակի չես վճարում, եթե ավտոբուս ես փոխում, էականորեն մեր գծերի քանակը նվազում է: Երևան քաղաքում մենք մոտավորապես 40-45 ուղղություն ենք ունենալու, որով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները»,- 2024-ի նոյեմբերի 4-ին հայտարարել էր Ավինյանը։
Ինչ վերաբերում է առաջարկվող նոր փոփոխություններին, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են, մասնավորապես՝
10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
Մեկ ուղղության համար 150 դրամ արժեքով ուղետոմսը առաջարկվող տարբերակների մեջ նոր է լինելու։ Բացի այդ, քաղաքային իշխանությունները հունվար–փետրվար ամիսների համար գնված կամ գնվող մեկամսյա փաթեթի ժամկետը նախատեսում են երկարացնել՝ 30 օրվա փոխարեն դարձնելով 60 օր։ Հունվարի 28-ին ազդարարված այս փոփոխությունները Երևանի ավագանին կքննարկի հունվարի 31-ին կայանալիք արտահերթ նիստում»,- ասված է սկզբնաղբյուրում։