Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն նրան չի համարում օրինական նախագահ, որը կարող է ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը։
«Կարելի է բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» պետական հեռուստաալիքի եթերում։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ բանակցությունները սկսելուց առաջ պետք է չեղարկվի Զելենսկու հրամանագիրը, որն արգելում է դրանք վարել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը չի կարող դա անել, քանի որ նա ոչ լեգիտիմ է, բայց դա կարող է անել Գերագույն ռադայի նախագահը։
Պուտինը հերթական անգամ տեսակետ է հայտնել, որ «արևմտյան հովանավորները» ցանկանում են դադարեցնել պատերազմը, նրանք կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա և «փակել իրավական բնույթի հարցերը»: Նրա խոսքով՝ Կիևը խոչընդոտում է բանակցությունների մեկնարկը։
ՌԴ նախագահը նաև պնդել է, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային, պատերազմը կավարտվի երկու ամսվա ընթացքում։