Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է N 2580 բանաձևը, որտեղ անդադարձ կա նաև Ադրբեջանին: Այն անդրադառնում է անդամ պետությունների կողմից Եվրոպայի խորհրդի պարտավորությունների կատարման շարունակական վերահսկողությանը 2024 թվականի հունվարից դեկտեմբեր: Փաստաթուղթը գնահատում է մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը՝ ամբողջական մշտադիտարկման ներքո գտնվող տասը և հետմոնիթորինգային երկխոսության մեջ ընդգրկված չորս երկրի հարցում՝ «միաժամանակ մտահոգություն արտահայտելով մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում և Վրաստանում, ժողովրդավարական հետընթացի և մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ»:
Վեհաժողովը մոնիթորինգի ներքո գտնվող բոլոր երկրներին կոչ է արել կատարել իրենց հանձնառությունը բարեփոխումների և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ՝ միաժամանակ նշելով որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Մոլդովայում, արձանագրված դրական զարգացումները: Այն կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը և կոչ արել բարելավել մոնիթորինգի ընթացակարգերի տեսանելիությունը՝ զեկույցների թարգմանությունների միջոցով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, հղում անելով իր 2527 (2024 թ.) բանաձևին՝ «Վիճարկելով Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության դեռևս չհաստատված լիազորությունները», Վեհաժողովը նախկինի պես լրջորեն մտահոգություն է հայտնել երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացմամբ: Վեհաժողովին շարունակում է մտահոգել քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և կառավարության այլ քննադատների նկատմամբ շարունակվող բռնաճնշումները:
Այն իշխանություններին կոչ է արել դադարեցնել դատական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով։ Կոչ է արել փոփոխել քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների մասին օրենքները և ՀԿ-ներին վերաբերող համապատասխան օրենսդրությունը՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների: Վեհաժողովը նաև խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) հետ համագործակցելուց հրաժարվելը և կոչ է արել անհապաղ վերսկսել համագործակցությունն այդ մարմնի հետ:
Վեհաժողովը ափսոսանք է հայտնել 2024 թվականի նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի բացակայության համար։ Նշվում է, որ միջազգային դիտորդների կարծիքով, այդ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և անցկացվել են կարծիքների արտահայտման, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների խստացման պայմաններում: Վեհաժողովը նաև խստորեն դատապարտել և անընդունելի է համարել այն փաստը, որ 2024 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է հայտարարել վեհաժողովի 76 անդամի, որոնք կողմ են քվեարկել 2527 (2024 թ.) բանաձևին։
Կառույցը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել այդ արգելքը և կառուցողական երկխոսություն սկսել Եվրոպայի խորհրդի մարմինների, մասնավորապես՝ նախարարների կոմիտեի, գլխավոր քարտուղարի և բուն վեհաժողովի հետ՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ: Վեհաժողովը, վկայակոչելով «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին» 2517 (2023 թ.) բանաձևը և 2260 (2023 թ.) հանձնարարականը, ինչպես նաև «Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին» 2560 (2024թ.) բանաձևը, շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված ներկայացուցիչների և ներկայումս Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների իրավիճակին՝ կրկին կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց: