Հարյուր միլիոնավոր մարդիկ Արևելյան Ասիայում այսօր նշում են լուսնային օրացույցով նոր տարին: Վիշապին փոխարինել է օձը՝ չինական կենդանակերպի 12 նշաններից մեկը, որը համարվում է խաղաղության և հաջողության խորհրդանշան: Ըստ ավանդույթի՝ այն օրհնություն է բերում և վերացնում է ձախողումը:
Միլիոնավոր մարդիկ հավաքվում են մայրցամաքի տաճարներում՝ խունկ ծխելու, զանգեր հնչեցնելու և գալիք տարում միմյանց հաջողություն մաղթելու համար:
Այս օրը շատերը կարմիր գույնի հագուստ են կրում, որը խորհրդանշում է հաջողություն և ուրախություն, գնում են ծաղիկներ, պատրաստում ավանդական ուտեստներ և նախուտեստներ: Ամենուրեք հրավառություն է, երաժշտություն, տոնավաճառներ, լապտերներ, ասիական քաղաքների փողոցները լցվում են վիշապի ու առյուծի պարերով: Տոնակատարությունները, սովորաբար, տևում են մոտ 15 օր:
Չինաստանում լուսնային Նոր տարին հայտնի է նաև որպես Գարնան տոն և ամենակարևորն է երկրում: