Ռուսական բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ, Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ժամանել էր Դամասկոս, հաղորդում է BBC-ն։
Սիրիայի նոր ղեկավարության կողմից բանակցություններին մասնակցել են ժամանակավոր կառավարության նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ Շարաան, արտաքին գործերի նախարար Ասադ ալ Շիբանին և առողջապահության նախարար Մահեր ալ Շարաան:
Ռուսաստանը ցանկանում է պահպանել երկու խոշոր ռազմական օբյեկտի՝ Տարտուսի ռազմածովային նավահանգստի և Լաթաքիա քաղաքից ոչ հեռու գտնվող Խմեյմիմ ավիաբազայի նկատմամբ հսկողությունը: Երեք ժամ տևած բանակցություններից հետո այդ հարցը մնացել է չլուծված: Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «իրավիճակը բարդ է», պահանջվում են լրացուցիչ բանակցություններ, գրում է գործակալությունը։
Դամասկոսն ընդգծել է, որ, «հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է ուղղել անցյալի սխալները, հարգել սիրիացի ժողովրդի կամքը և ծառայել նրա շահերին»։
Bloomberg-ն էլ, հղում անելով Մոսկվայի աղբյուրին, հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունների հետ Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուսական երկու տրանսպորտային նավ ստիպված է եղել սպասել մի քանի շաբաթ, մինչև նրանց թույլ են տվել նավարկել Տարտուս՝ զինտեխնիկան հանելու։ Խմեյմիմ ավիաբազայում գործունեությունը նույնպես սահմանափակ է։