Վաշինգտոնի դատարանը հունվարի 28-ին ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանը՝ սառեցնել բոլոր դաշնային դրամաշնորհներն ու պետական օժանդակության այլ տեսակները, հայտնում է CNN-ը։ Այս որոշմամբ՝ դատավոր Լորեն Ալիհանը բավարարել է մի քանի փաստաբանական խմբերի հայցը, որոնք ներկայացնում են ՀԿ-ներին, փոքր բիզնեսի սեփականատերերին և առողջապահության ոլորտի մասնագետներին:
Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Սպիտակ տան կարգադրությունն «անուղղելի վնասի վտանգ է պարունակում»: «Կառավարությունը չգիտի այն ծրագրերի ամբողջ ծավալը, որոնք ենթակա են սառեցման»,- նշել է դատավորը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփի որոշումը, ի թիվս այլ բաների, ազդում է համալսարանական դրամաշնորհների, փոքր բիզնեսի վարկերի, շրջակա միջավայրի պաշտպանության նախագծերի և գենդերային բազմազանության աջակցության վրա։ Սպիտակ տունը դաշնային օգնության բոլոր ծրագրերի կասեցումը բացատրել է որպես անհրաժեշտություն՝ ստուգելու, թե դրանք որքանով են համապատասխանում Թրամփի քաղաքականության առաջնահերթություններին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին։ Մինչ այդ, ըստ դատավորի վճռի, Թրամփի վարչակազմը չի կարող դադարեցնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից արդեն իսկ հաստատված վճարումները՝ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում:
Հունվարի 25-ին էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրամանագիր էր ստորագրել, ըստ որի, 90 օրով սառեցվում են գոյություն ունեցող արտասահմանյան օգնության դրամաշնորհների մեծ մասի վճարումները, և դադարեցվում են նոր դրամաշնորհների հատկացումները: Պատճառաբանությունը նույնն է, ստուգել՝ արդյոք այդ միջոցների բաշխումը համապատասխանում է Թրամփի արտաքին քաղաքական ուղեգծին: