Արդարադատության նախարարությունը շարունակում է իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ բազմաշահառու քննարկում-վերապատրաստումներ՝ համակարգի գործարկումը նախատեսելով 2025 թ. առաջին կիսամյակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Մշակվող էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների:
Համակարգն օգտագործող շահառուներն են լինելու քաղաքացիները, դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական մարմինները, փաստաբանները:
Արդարադատության նախարարության կողմից մեկնարկել է վերապատրաստումների 2-րդ և ավարտական փուլը, որը ներառելու է դատավորների, պետական մարմինների ներկայացուցիչների և փաստաբաննների վերապատրաստումներ:
2-րդ փուլը հնարավորինս ներառական է կազմակերպվել՝ ներգրավելով պետական բոլոր մարմինները՝ նախարարություններ, կոմիտեներ, հանձնաժողովներ, ինքնավար և այլ մարմիններ: