Գազայի հատվածում հրադադարի գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ը խոստացել է ազատ արձակել 33 պատանդի, սակայն նրանցից ողջ է միայն 25-ը: Լրատվադաշտում տարածվող տեղեկությունը հաստատել է Իսրայելի կառավարության խոսնակը: Նա հավելել է, որ շարժումն իսրայելական կողմին կփոխանցի մահացածների մարմինները:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։ ՀԱՄԱՍ-ն արդեն վերադարձրել է 7 գերու: Հրադադարի համաձայնության շրջանակում Իսրայելն էլ պետք է ազատ արձակի բանտերում պահվող 1900 պաղեստինցու։ 290-ն արդեն ազատվել է: Հաջորդ փոխանակումը նախատեսված է հունվարի 30-ին։
Գազայի հատվածում իրավիճակն այժմ հարաբերականորեն կայուն է, սակայն իսրայելական կողմը զորաշարժեր է սկսել Հորդանան գետի արևմտյան ափին: Հարյուրավոր բնակիչներ լքել են իրենց տները: Կան զոհեր:
Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ռազմական գործողությունը ստացել է «Երկաթե պատ» անվանումը: Նա նշել է, որ իսրայելական կողմը համակարգված և վճռական պայքար է մղում իրանական ուժերի դեմ: