Տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Նոր նախագծերի շարքում Ադրբեջանի նախագահը նշել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», հավաստիացրել՝ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար:
Ալիևը կրկին պահանջել է, որ Հայաստանը ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ իր խոսքով, առանց որևէ ստուգման և խոչընդոտի։
«Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, սակայն Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անարգել երթևեկություն Ադրբեջանի մի մասից մյուսը»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Ալիևը նշել է, որ այն հնարավոր չէ կյանքի կոչել առանց Ադրբեջանի: