Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հարց է հղել Լյուքսեմբուրգի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Քսավյե Բետելին՝ ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն վերջ տալ Բաքվում տեղի ունեցող այդ գործընթացին։
«Ադրբեջանում պետք է ապահովվեն այն բոլոր իրավունքները, որոնք երաշխավորված են Եվրոպայի խորհրդի կողմից, այդ թվում՝ արդար դատավարության իրավունքը»,- ասել է Բետելը: Նա նաև հավելել է, որ չնայած ամեն ինչին՝ հարկավոր է հարգել ՄԻԵԴ որոշումները:
Միջազգային կարգը վերանայելու անհրաժեշտության թեմայով նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի տոնական միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ «ՀՀ արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը լեգիտիմությունն է»:
«Թերահավատները պնդում էին, որ միջազգային իրավունքի կարևորության հարցն անիմաստ է քննարկել, երբ տեսնում ենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Երբ ականատես ենք աշխարհի տարբեր անկյուններում թեժ հակամարտությունների, երբ գերիշխում է ուժի սկզբունքը, միջազգային դատարանների որոշումներն անտեսվում են: Այո՛, միջազգային իրավունքը կատարյալ չէ, բայց արդյո՞ք դա կարող է միջազգային իրավունքից հրաժարվելու պատճառ դառնալ»,- նշել է Ջուլհակյանը։ Նա շեշտել է՝ միջազգային կարգը պետք է վերանայվի և թարմացվի:
Նույն կարծիքն է հայտնել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Ցավոք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պատերազմը դարձել է խնդիրների լուծման առաջնային միջոցը: Հարկավոր է վերադառնալ միջազգային իրավունքի ակունքներին և ՄԱԿ-ի համակարգին, քանի որ դա է միջազգային իրավունքի զարգացման միակ տրամաբանական ճանապարհը։ Եթե համակարգը կոռումպացված է, չեն կարող լինել սահմաններ, կանոններ և առաջ գնալու հնարավորություններ»,- նշել է պատգամավորը:
Վլադիմիր Վարդանյանը մտահոգություն է հայտնել՝ նույն կերպ շարունակելու դեպքում ո՛չ տարածքները, ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ինքնիշխանության սկզբունքն այլևս որևէ կշիռ չեն ունենա: