ԱՄՆ նախագահը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը և Նարենդրա Մոդին քննարկել են երկկողմ գործակցության ընդլայնման և խորացման հեռանկարը, պատրաստակամություն հայտնել՝ զարգացնելու Վաշինգտոն-Նյու Դելի ռազմավարական գործընկերությունը:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:
«Թրամփն ընդգծել է Հնդկաստանի կողմից ամերիկյան արտադրության անվտանգության սարքավորումների գնման ավելացման և առևտրային արդար հարաբերությունների կառուցման կարևորությունը», - հայտնել են Սպիտակ տնից։
Հնդկական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև տեխնոլոգիաների, ներդրումների, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում գործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:
Մտքեր են փոխանակվել ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Թրամփը և Մոդին համաձայնել են համատեղ ջանքերով խթանել համաշխարհային խաղաղությունը: