Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահի ընտրության արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։
Փոխարենը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը, որում նշվում է, որ հունվարի 26-ի ընտրությունը «ոչ ազատ, ոչ արդար» է եղել, և բելառուս ժողովուրդը «արժանի է իրական ձայնի իրավունքին այն հարցում, թե ով է կառավարելու իր երկիրը»։
Նրանք ընդգծել են, որ Բրյուսելը կշարունակի սահմանափակումներ կիրառել բելառուս պաշտոնյաների նկատմամբ՝ «միաժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելով քաղաքացիական հասարակությանը, արտաքսման մեջ գտնվող բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»:
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էլ Բելառուսում նախագահի ընտրության օրը հայտարարել է, որ բելառուս ժողովուրդը «ընտրություն չուներ». «Սա դառը օր է բոլորի համար, ովքեր այնտեղ ձգտում են ազատության ու ժողովրդավարության»։
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ ընտրողների 87,6%-ը քվեարկել է 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին, որը վերընտրվել է յոթերորդ ժամկետով։