Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված անօրինական ներգաղթյալներին՝ Կոլումբիայի ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու և այլ պատժամիջոցների մասին նախագահ Թրամփի որոշումից հետո:
ԱՄՆ նախագահը հրամայել էր 25% մաքսատուրք սահմանել Կոլումբիայից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ, իսկ մեկ շաբաթ անց բարձրացնել մինչև 50%, ավելացնել Կոլումբիայի քաղաքացիների և բեռների մաքսային ու սահմանային ստուգումները, ինչպես նաև այլ պատասխան միջոցներ այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն մերժել էր ընդունել կոլումբիացի ներգաղթյալներին վերադարձնող ամերիկյան ռազմական օդանավերը:
Պետրոն մեղադրել էր Թրամփին արտաքսումների ժամանակ միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի համար և ի պատասխան հայտարարել 25%-ով մաքսատուրքերի բարձրացման մասին։
Այնուամենայնիվ, կիրակի ուշ երեկոյան Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ Կոլումբիայի իշխանությունները «համաձայնել են նախագահ Թրամփի բոլոր պայմաններին, ներառյալ՝ ԱՄՆ-ից վերադարձած բոլոր կոլումբիացի անօրինական ներգաղթյալների ընդունումը, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռներով, առանց սահմանափակումների կամ ուշացումների»: