ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնը 7-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Կրեմլը կարծում է, որ Բելառուսի նախագահի ընտրությունը եղել է բացարձակապես լեգիտիմ, թափանցիկ և լավ կազմակերպված, Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակն էլ՝ ավելի քան համոզիչ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Բելառուսի ընտրության արդյունքներին Արևմուտքի արձագանքը կանխատեսելի էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ նախագահի ընտրությունը փորձել են են ամեն գնով անցկացնել ժողովրդավարական ճանապարհով:
Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Չինաստանի նախագահը: Սի Ծինփինը շնորհավորական ուղերձում նշել է, որ վերջին տարիներին սերտ կապեր է պահպանել Բելառուսի նախագահի հետ ու համատեղ պլանավորել և ուղղորդել երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Բելառուսի առաջնորդին, շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում: Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Լուկաշենկոն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով:
Եվրոպացի քաղաքական գործիչները, սակայն, արդեն հայտարարել են, որ Բելառուսում քվեարկությունը եղել է ոչ ազատ և ոչ արդար, քանի որ երկրի տարածքում արգելվել է անկախ լրատվամիջոցների գործունեությունը, և բոլոր առաջատար ընդդիմադիր գործիչները կալանավայրերում են կամ ստիպված են եղել փախչել արտերկիր:
ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել երկրի իշխանությունների նկատմամբ՝ ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ընտրություններից ընդամենը 10 օր առաջ թույլ չտրվեց մուտք գործել ընտրական գործընթացի առանցքային փուլեր»: