Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին:
Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում արյան այլ բանկերի համար։
Նշվել է, որ «Արյան բանկի» վերակառուցումը, ընդլայնումը և վերազինումը նպատակ ունեն բարելավելու հանրապետությունում բնակվող և արյան փոխներարկման կարիք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Այն հնարավորություն է տալիս ընդունել ավելի մեծ թվով դոնորների։ Նշվել է նաև, որ 2023 թ. կենտրոնին միացել են մարզային արյան կայանները, և ստեղծվել է միասնական արյան ծառայություն, որի նպատակն է ստեղծել ընդհանուր արյան բաղադրամասերի որակ, և հեշտացնել արյան բաղադրամասերի շարժը կայանների միջև։
Ըստ պատասխանատուների՝ այժմ արյան դոնորների շարժը կառավարվում է էլեկտրոնային «Արմեդ» համակարգի միջոցով: Արյան բաղադրամասերի շարժի կառավարման և հսկման համակարգի ներդրումը նախատեսված է այս տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև արյան բաղադրամասերի ռեզերվների ստեղծում բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ իրականացվում են արյան փոխներարկումներ։ Այս նախաձեռնության արդյունքում հիվանդների հարազատները կազատվեն արյան տեղափոխման հետ կապված անհանգստություններից, ինչն էապես կբարելավի գործընթացի կազմակերպվածությունն ու օպերատիվությունը։
«Արյան բանկ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ: