Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարությունները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին Եգիպտոս, Հորդանան և արաբական այլ երկրներ տեղափոխելու առաջարկը՝ հայտարարելով, որ աջակցում են «պաղեստինցի ժողովրդի հաստատուն գոյությանն իր հողի վրա»:
«Մեր դիրքորոշումն է չընդունել պաղեստինցիների վտարումը, և այն անփոփոխ է»,- ընդգծել Է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը նշել է, որ նման քայլը կլինի «կարմիր գծերի բացահայտ հատում»։ «Մեր ժողովուրդը մնալու է անդրդվելի և չի լքի իր հայրենիքը»,- ընդգծվում է նրա հայտարարության մեջ։
Պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումն էլ համոզված է, որ Թրամփը պետք է դադարեցնի այնպիսի առաջարկներ անել, որոնք հակասում են Պաղեստինի ժողովրդի իրավունքներին։
AP գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ, Թրամփի կարծիքով, հնարավոր է Գազայի հատվածից բավականաչափ պաղեստինցիներ դուրս բերվեն՝ «պարզապես կարգուկանոն հաստատելու» պատերազմից ավերված տարածքներում: