ԵՄ անդամ 27 պետության արտգործնախարարները խորհրդի այսօրվա նիստում հաստատել են Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել էր վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար կասեցնել առանց վիզայի ռեժիմը։
Աղբյուրը տեղեկացրել է, որ նիստում ԵՄ անդամ 27 երկրի արտգործնախարարները համաձայնեցրել են նաև ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու հարցը, ժամկետը լրանում է հունվարի 31-ին։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Հունգարիան, որը սպառնացել էր արգելափակել ԵՄ որոշումը, համաձայնել է վետո չկիրառել՝ փոխարենը Եվրախորհրդից պահանջելով երաշխավորել իր էներգետիկ անվտանգությունը, ապահովել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայով Հունգարիա: