Եվրամիությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Հորդանան և Եգիպտոս տեղափոխելու նախաձեռնությանը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը երկուշաբթի՝ հունվարի 27-ին, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում ասել է, որ Գազայի հատվածի բնակիչներն արդեն չափից դուրս շատ են տուժել և, ինչպես իսրայելցիները, արժանի են խաղաղության։ ԵՄ-ն շարունակում է աջակցել կարգավորմանը՝ հիմնված Իսրայել և Պաղեստին պետությունների խաղաղ գոյակցության վրա, հավելել է նա։
Հոլանդիայի արտգործնախարար Կասպեր Վելդկամպը մերժել է պաղեստինցիների՝ Հորդանան և Եգիպտոս վերաբնակեցման մասին շահարկումները: Նրա խոսքով՝ պաղեստինցիները պետք է «հնարավորություն ունենան մնալու պաղեստինյան տարածքներում՝ լինի դա Հորդանան գետի արևմտյան ափը, թե Գազայի հատվածը»։
Նման տեսակետ է հայտնել Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Հարիսը։ Նա ընդգծել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում է բնակիչների վերադարձ իրենց տներ։
Դոնալդ Թրամփը պատերազմով ավերված Գազայի հատվածն անվանել է «քանդման տարածք», որն անհրաժեշտ է «մաքրել» Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար:
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է տարածաշրջանը, և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել են Թրամփի ծրագրերին դիմակայելու մտադրության մասին։