Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը:
Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա:
Արթուր Պողոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն իրավապահ համակարգում նոր մարդ չէ, իր աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի աշխատանքից՝ քննչական համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
«Արմեն Գևորգյանի հետ ծանոթացել եմ դատախազական համակարգում աշխատելու տարիներին, երբ վերջինս հանդիսացել է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և պատշաճ ձևով իրականացրել է նախանշված խնդիրները: Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ Արմեն Գևորգյանն իրականացնելու է իմ կողմից արդեն իսկ նախանշված խնդիրները»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել է, որ ամբողջ մասնագիտական ներուժը ծառայեցնելու է իրեն վստահված ոլորտի աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում իրավակարգի և օրինականության ամրապնդմանը, Քննչական կոմիտեի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել է, որ այս առումով հաշվի են առնվելու տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական գիտելիքները, փորձը, նվիրվածությունը, ջանասիրությունը և երկրին ծառայելու կամքը: