Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք:
Դանիել Դանիելյանն իր երախտագիտությունն է հայտնել ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանին «Տիգրան Մանսուրյան» մենագրության ստեղծման համար, ինչը կարևոր և բովանդակալից նվեր է հանրությանը. «Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում: Այսօրինակ աշխատությունների շնորհիվ կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»:
«Տիգրան Մանսուրյան» մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ևս շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նկատել, որ թեև կոմպոզիտորը ստացել է բազմաթիվ թանկագին նվերներ, սակայն այս տարեդարձը եզակի է առնվազն երկու պատճառով։ Նախ՝ Մաեստրոն ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ է ընդունում հայոց գիտության կաճառում՝ ՀՀ ԳԱԱ հեղինակավոր գիտական դահլիճում, և երկրորդ՝ որպես նվեր հրատարակվել է մենագրություն՝ երաշխավորված ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։
Աննա Ասատրյանը Տիգրան Մանսուրյանին նվիրել է «Տիգրան Մանսուրյան» մենագրության տպաքանակի առաջին օրինակը, ինչպես նաև «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» պատկերագիրքը, որում տեղ է գտել տաղանդավոր նկարչի վրձնած՝ Տիգրան Մանսուրյանի դիմանկարը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը և գրախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։