ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ցեղասպանության թեմայով վարչապետի խոսքին՝ նշելով, որ դրանք քննադատության երեք հիմնական շերտ են բացել.
«1. Առաջին շերտի ներկայացուցիչներն ասում են. «Հա, դե ո՞վ չգիտի, որ Սովետը ըստ իր կոնկրետ պահի աշխարհաքաղաքական շահերի բացել ու փակել, հետո էլ փակել ու բացել է Ցեղասպանության թեման Խորհրդային Հայաստանի տարածքում ու ոչ միայն։ Օրինակ՝ Թուրքիայի հետ ջերմության շրջանում փակել է, իսկ, այ, Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ բացել։ Էս ի՞նչ պարզագույն բաներ է ասում, վարչապետ մարդ է, թող լուրջ գործով զբաղվի»։
2. Երկրորդ շերտի ներկայացուցիչներն ասում են. «Ստոր սրիկաները հիմա էլ Ցեղասպանությունն են ուրանում»։
3. Երրորդ շերտի ներկայացուցիչներն ասում են. «Ո՞նց կարելի է առհասարակ այս թեման քննարկման առարկա դարձնել, ո՞նց։ Հինգ-վեց տարին մեկ մի կայսրության ԱԳ նախարար գալիս է, Արարատը հեռախոսով նկարում, մի երկու հատ էլ սրտներս հովացնող արտահայտություն անում Ցեղասպանության մասին, դրանից ավել Աստծուց կրա՞կ եք ուզում»։
Ու այս երեք շերտերի մեջ ես շատ եմ ուզում պատասխանել առաջին խմբին. հարգելինե՛րս, քանի դեռ երկրորդ ու երրորդ խմբի ներկայացուցիչները քննադատողների մեջ մեծամասնություն են, պետք է թե՛ վարչապետը, թե՛ բոլորս խոսենք սրա մասին։ Ա՛յ երբ ձեր խումբը կլինի մեծամասնություն, կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունն արդեն չի լինի»,- գրել է Ալեքսանյանը։
Ալեքսանյանը գրել է նաև, որ կայսերական ինֆորմացիոն հեծելազորը երկու օր է` փրփուրը բերանին փորձում է ներկայացնել, թե վարչապետը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը, այնինչ վարչապետը ոչ թե կասկածի տակ է դրել Ցեղասպանության փաստը, այլ, ըստ իս՝ փորձել է ասել, որ մենք պետք է հասկանանք, թե ով և ինչպե՞ս փորձել մեր հետ տեղի ունեցած Ցեղասպանությունը «աշխատեցնել» իր շահերի ու կարիքների համար։ Ո՞վ, ինչպե՞ս և ինչի՞ դիմաց է մեզ արգելել սգալ մեր ողբերգությունը, իսկ դրանից հետո ո՞վ, ինչպե՞ս և ինչքանո՞վ է փորձել մեր ողբերգության վրա սգալու մեր բնական իրավունքը ծախել մեզ վրա։
«Վերջիվերջո, մեր ողբերգության տերը մե՞նք ենք, թե՞ մենք չենք։ Մենք մեր ողբերգությանը պիտի նայենք մե՞ր աչքերով, թե՞ կայսեր ուղարկած հրովարտակների պրիզմայով։ Մենք պիտի թողնենք, որ մեր ողբերգությունը մեզ վրա փորձեն ծախե՞լ, ու հետո էլ մեր վճարած գնով մեր գլխին նոր ողբերգություն բերեն, թե՞ պիտի դրա վերջը տանք։
Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է, որը ոմանք փորձում են օգտագործել որպես ձեռքի մանրադրամ, մեզ հերթական անգամ «առնել-ծախելուց», իսկ «առնող-ծախողների» հետ համագործակցող կոլաբորացիոնիստ սրիկաները պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե «առնող-ծախողի» համար «առնվող-ծախվողի» փոխարժեքը ցածր պահեն»,- գրել է նա։