Հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարին ստացված 17565 հեռախոսազանգի 47 տոկոսը՝ 8312-ը, վերաբերել է տրանսպորտի ոլորտին առնչվող խնդիրներին, որից 7369-ը՝ 89 տոկոսը, միասնական տոմսային կամակարգին, 676-ը՝ 9 տոկոսը, ավտոբուսային երթուղիների անկանոն գրաֆիկին, իսկ 2 տոկոսը՝ վարորդների վատ վարքագծին: «Ակտիվ քաղաքացի» հարթակում ևս այս ոլորտներին առնչվող խնդիրներ են բարձրաձայնվել: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միասնական տոմսային համակարգի մասով հեռախոսազանգերը բնական համարեց, նույնիսկ հասկանալի համարեց խափանումների ծավալները: Ինչ վերաբերում է վարորդների վատ վարքագծին, Ավինյանը հայտարարեց՝ քաղաքապետարանի խնդիրն այս մասով բալանս պահելն է:
«Հասկանում եմ՝ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվեն։ Մենք դրա վրա աչք չենք փակելու»,- ասաց քաղաքապետը՝ կարևորելով ավտոբուսային երթուղիների սպասարկման բարձր որակ ապահովելը։