Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը: Դա հնարավորություն կտա դիտարկել, կառավարել երթերն ու դրանց միջակայքերը։ Հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգն առցանց ռեժիմով։ Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Այս համատեքստում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Yandex հավելվածում նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար՝ անկախ թերացումներից՝ ընդգծելով, որ տրանսպորտային համակարգի նեդրումը բարդ պրոցես էր:
«Այս ահռելի ծավալի աշխատանքն ունի մեկ նպատակ, որ Երևան քաղաքն ունենա ստաբիլ, որակյալ տրանսպորտային համակարգ, ունենա տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու ու վերանա, ինչպես եղել է Երևան քաղաքում բոլոր տրանսպորտային համակարգերի հետ, ինչպես եղել է 1990-ականներից մինչև վերջին մի քանի տարի առաջվա վիճակը»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին նոր գնված «ԳԱԶել»-ների մոտավորապես 40 տոկոսը, մի պահից սկսած, չէր շահագործվում: