Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի տվյալների, հավաքում է ընտրողների ձայների 87,6 տոկոսը երկրի նախագահի ընտրությունում:
Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահի ընտրությանը մասնակցությունը ժամը 18:00-ի դրությամբ կազմել է 81,5 տոկոս:
Հիշեցնենք՝ 2020 թվականին՝ Բելառուսի նախագահի նախորդ ընտրությանը, մասնակցությունը կազմել էր ընտրողների ընդհանուր թվի 84,3 տոկոսը:
2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի քան 6,9 մլն մարդ:
Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած հինգ թեկնածու, այդ թվում՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ անգամ զբաղեցնել պետական բարձրագույն պաշտոնը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում Եվրամիությանը չճանաչել Բելառուսում կայանալիք նախագահի ընտրության արդյունքները և նոր պատժամիջոցներ սահմանել հանրապետության իշխանությունների դեմ: