Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհնար է Ուկրաինային դուրս թողնել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններից:
«Ուկրաինային հնարավոր չէ դուրս թողնել որևէ բանակցային հարթակից: Հակառակ դեպքում նման բանակցային հարթակը չի ունենա իրական արդյունք, այլ կունենա միայն քաղաքական արդյունքներ, իսկ նման արդյունքները ոչ մի կերպ կապված չեն լինի անվտանգության և պատերազմի ավարտի հետ»,- համոզմունք է հայտնել Զելենսկին։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ հաջողություն է մաղթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հաստատման ուղղությամբ իր նախաձեռնություններում: Զելենսկին հավելել է, որ այս կամ այն հանդիպումից առաջ ձևաչափը պետք է ամրագրվի «թղթի վրա»:
Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին օգնության ծրագրերը՝ Ուկրաինայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ԱՄՆ-ից ռազմական օգնությունը շարունակում է մտնել երկիր: