ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատությանը, թե ուժային կառույցների հիմնական մասում և այլ պաշտոններին նշանակում է կանանց:
«Ես ուզում եմ հետևյալն ասել, որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար: Նշանակվել են, որովհետև արձանագրումը եղել է այն, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և այս համակարգում կարող են արդյունավետ աշխատել և ընդ որում՝ եթե իմ նշանակման կամ մեր կողմից առաջադրվող թեկնածու մասին է խոսքը, մեր կամ իմ գնահատականը եղել է այն, որ տվյալ պահին արդյունավետը կլինի այդ պաշտոնյան: Որևէ մեկը չի նշանակվել, պատկերացնում եք ինչ աբսուրդ է, այ որովհետև կին է, եկեք իրեն նախարար նշանակենք, որովհետև ինքը տղամարդ է, եկեք իրեն նախարար նշանակենք, կամ որովհետև կին չէ, եկեք իրեն հանենք նախարարի պաշտոնից:
Կներեք, ես լավ չեմ հասկանում այդ խոսույթը: Իսկ ընդհանրապես մենք այս խոսակցությունից դուրս համարո՞ւմ ենք, որ կանայք հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենան և մենք չպետք է, ոչ թե պետք է օգնենք, այլ պետք է չխոչընդոտենք, որ դա տեղի ունենա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն կանանց ներուժը չի կիրառվում, այլև հնարավոր բոլոր խոչընդոտները, ընդ որում՝ շատ դեպքերում գիտակցված, շատ դեպքերում չգիտակցված, կառուցում են, որ դա տեղի չունենա:
«Իսկ ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա, ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև, նորից եմ ասում, որովհետև ոչ թե ինչ-որ գաղափարական բաներով, կամ ոչ միայն գաղափարական նկատառումներով, այլ որովհետև կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են, մեծամասնությունը: Պատկերացնո՞ւմ եք, երկիր, որ իր բնակչության մեծամասնության պոտենցիալը չի օգտագործում: Դա զարգացման խոչընդոտ է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ավարտին վերահաստատեց՝ արտահերթ ընտրություններ չեն պլանավորում, չեն պատրաստվում, հակառակը, արդեն պլանավորել են իրենց հերթական համաժողովը, պլանավորել են դրանից առաջ, ընտրություններից առաջ ի՞նչ արտահերթ համաժողով ենք ունենալու: Նա մասնավորեցրեց՝ կուսակցության մասին է խոսքը, նախընտրական ցուցակ ձևավորելու մասին։
Հարցին՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեին, իր թիմը ձևավորելիս քանի՞ տոկոսը կփոխեր, վարչապետը նշեց․
«Գիտեք, տեսեք, հենց իմ նշած 2026 թվականի ընտրություններից առաջ սպասվելիք համաժողովը հրավիրվելու է խորհրդարանական համամասնական ցուցակը ձևավորելու համար: Եվ խորհրդարանական համամասնական ցուցակը հիմա արդեն օրենքով ձևավորվելու է համաժողովի, մեր կուսակցությունում դա ավանդույթ է, առաջադրվելու են թեկնածուներ կուսակցականները քվեարկելու են և առավել շատ ձայն հավաքածները զբաղեցնելու են ցուցակի, այսինքն՝ ըստ հերթականության: Եվ հետևաբար, թիմը ձևավորվելու է թիմի որոշմամբ»: