Հնարավո՞ր է արդյոք, որ սահմանազատման արդյունքում մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք՝ ճանապարհ կլինի, գազ կլինի, բարձունք կլինի, մնա Ադրբեջանին․ Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այս հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․
«Լսեք, մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին: Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահմանները գծի վրա, հողի վրա արտահայտվեն: Հասկանո՞ւմ եք, Ձեր ասածը ընդհանրապես հակոտնյա է սահմանազատում գաղափարից»:
Նա մանրամասնեց՝ սա գազատարագծում չէ, գազատարազատում չէ, սա սահմանազատում է:
«Մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի, հասկանո՞ւմ եք, սահմանը պետք է գետնի վրա արտահայտվի և դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Հիմա եթե օրինակ կլինեն իրադրություններ, երբ սահմանազատման հանձնաժողովները կգան, այդ թվում՝ ենթակառուցվածքների, մարդկանց կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ է այ այս տարածքը, որը դե յուրե, այսինքն՝ գտնվում է մի երկրի տարածքում, բայց պետք է, անհրաժեշտ է, որ այդ երկրի այդ տարածքները փոխանակվեն, այդպիսի իրադրություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի թողարկած սահմանազատման կանոնակարգերով, որոնց մեր ընդդիմությունը հղում է անում, այնտեղ նախատեսված են»,- ասաց նա։
Վարչապետը մասնավորեցրեց՝ եթե այդպիսի իրավիճակներ ծագեն, դա հնարավոր է անել միայն հանրաքվեի միջոցով:
«Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, կասենք՝ ժողովուրդ ջան, այս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում է, բայց սահմանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ կարելի է այս տարածքը փոխանակել այս տարածքի հետ, հանձնաժողովները կարո՞ղ են դա անել, ոչ չեն կարող դա անել, կարո՞ղ են առաջարկել: Տեսականորեն այո, տեսականորեն, ես հիմա միանգամից ասեմ, որ հիմա այդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ, բայց եթե այդպիսի վիճակ կծագի, նախ Կառավարությունը եթե ընդունելի համարի՝ պետք է գա ժողովրդի մոտ, ասի՝ ժողովուրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք այս տարբերակով, թե չգնանք: Ժողովուրդը կորոշի գնա՞նք, թե չգնանք:
Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որովհետև գիծն ինքն էլ հաստություն, շերտ ունի, օրինակ՝ սահմանի վրա, քարտեզի վրա, որ գիծը գծվում է, ինքը մի միլիմետր է չէ՞, բայց գետնի վրա ինքը կարող է լինել չորս մետր, երեք մետր, մեկ մետր: Ես այդպիսի իրավիճակների մասին չեմ խոսում, սովորաբար նույնիսկ այդ մետրերի ժամանակ սահմանային կետը որոշվում է այդ լայնության մեջտեղը: Այդտեղ էլ խնդիր չկա ընդհանրապես»,- ասաց նա: