«Ես Բաքվում գտնվող մեր քաղաքացիներից որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում, հակառակը, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվում է և օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Ավելին, տեղեկություններ ունենք հետախուզական, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն։ Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով»,- ասաց նա։
Վարչապետը նշեց՝ այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ․ այդ մարդկանցից հնարավոր է՝ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն ՀՀ դեմ։
«Մենք այս հարցը շատ խորությամբ հասկանում ենք, բոլոր հասու միջոցներով փորձ ենք անում այդ խնդիրը լուծել, բայց ես էլի արդարանալու համար չեմ ասում, կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում ու տարիներով չեն կարողանում հետ բերել»,- ասաց նա։