Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու՝ Վրաստանի պատրաստակամությունը։
«Մենք շահագրգռված ենք հարաբերությունների վերականգնմամբ, և ավելին, մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը։ Մենք ցանկանում ենք դա անել կոնկրետ ճանապարհային քարտեզի օգնությամբ»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ ունեն ընդհանուր արժեքներ, և նշել է, թե ինչպիսի ճանապարհային քարտեզ է պատկերացնում։
«Մոտավորապես նույն ճանապարհային քարտեզով, որը մշակվել է ԵՄ-Վրաստան հարաբերությունների համար, օրինակ՝ ասոցացման օրակարգով։ Մենք պատրաստ ենք նորացնել ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ուղեցույցով, կոնկրետ ցուցանիշներով և կոնկրետ նպատակներով։ Ընդհանուր առմամբ լավատես ենք, և, կրկնում եմ, լիովին պատրաստ ենք վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը»,- հայտարարել է Կոբախիձեն։