Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին:
Գերատեսչությունում ափսոսանք են հայտնել, որ Հայաստանում հաճախ դրական են արձագանքել Արևմուտքի խոստումներին, նշել «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է»:
«Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Բացի այդ, մեջբերվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսումն այն մասին, որ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն չի ունենա։
«Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, որոնք ձևակերպված են երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրման միավորումների շրջանակում։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Գերատեսչությունը նաև բարձր է գնահատել 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Ընդգծվել է նաև՝ եվրասիական ինտեգրումն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են։