Հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: Դիվանագետը կարծիք է հայտնել, թե իբր դա է Արևմուտքի պատճառով է, որն անցած տարի մեծացրել է ճնշումը Հայաստանի վրա՝ դրդելով քանդել Ռուսաստանի հետ ավանդական կապերը։
«Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հայաստանը համարում ենք մեր ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրացիոն միավորւմների շրջանակում ձևավորված առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ կնքված համաձայնագրերի ողջ շրջանակին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «նախագծեր», որոնց իրականացումը վնասակար ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- ասված է Լավրովի հայտարարության մեջ:
Լավրովն անդրադարձել է նաև Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերություններին: Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը հաշվի առնի Ռուսաստանի շահերը, երկկողմ հարաբերությունները աստիճանաբար կվերականգնվեն՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը հավելել է, որ Թրամփի օրոք արմատական դրական փոփոխություններ ակնկալելու հիմքեր չկան։
Անդրադառնալով Ճապոնիայի հետ հարաբերություններին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի տեսնում Տոկիոյի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության հնարավորություն՝ հաշվի առնելով վերջինիս ոչ բարեկամական քաղաքականությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում:
Խոսելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է դրան Թբիլիսին։ Լավրովը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի ընդունած որոշումը՝ վերսկսել օդային հաղորդակցությունը և վերացնել Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մեկնելու վիզաները, զարկ են տվել զբոսաշրջության ակտիվացմանը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։