Խորհրդարանում՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի շրջանակում, քննարկվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը:
Ըստ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի՝ «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, Մարդու իրավունքների շարունակական զարգացմանը, պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը և այլ ոլորտների զարգացմանը: Արտակ Զեյնալյանը կարծում է՝ դա հնարավոր է միայն Արևմուտքի և Եվրամիության հետ համագործակցությամբ:
Երբ խորհրդարանն ընդունի օրենքը, և այն մտնի ուժի մեջ, գործադիր իշխանությունն ու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել քայլեր: Որո՞նք են այդ քայլերը, հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Գործող Սահմանադրությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ավելի վեր են, քան մնացած բոլոր օրենքները: Այլ կազմակերպություններում, երբ ՀՀ-ն շարունակում է լինել անդամ, օրինակ՝ ԵԱՏՄ-ի, ԵԽ-ի կամ մեկ այլ կազմակերպության, և ունի ստանձնած պարտավորություններ, դրանց կատարմանը զուգահեռ նա պետք է ինչ-որ բաներ անի, որոնք պարտավորություններին հակասելո՞ւ են, մասնավորապես՝ տնտեսական կարգավորումների ոլորտում՝ սկսած տարիֆներից, վերջացրած այն ամենով, ինչ ԵԱՏՄ-ում այսօր պայմանական կիրառվում է: Իմ հարցադրումը այս հարթության մեջ է: Այսինքն՝ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները Սահմանադրությունից ավելի վեր են, քան ներօրենսդրական մնացած ակտերը: Այս հակասությունը ո՞նց եք պատկերացնում, ո՞նց է լուծվելու»,- հետաքրքրվեց նա՝ նկատելով, թե արդյոք պետք չէ՞ր ասել, որ, սկսելով այս պրոցեսը՝ մենք պետք է դադարեցնենք պրոցեսը այլ տեղում:
Զեյնալյանը նախ ընդգծեց՝ խոսքն այժմ դեռ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու քաղաքական որոշման մասին է, ապա անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն կա՞ այս օրենքի և ՀՀ միջպետական պայմանագրերի միջև, Զեյնալյանը պատասխանեց. «Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ եթե կան միջազգային պայմանագրեր՝ միջպետական կազմակերպություններին անդամակցության և դրա շրջանակում ընդունված, դրանից ենթադրվում է, որ Հայաստանը երբեք չի կարող դուրս գալ այդ կազմակերպություններից, դադարեցնել իր անդամակցությունը, և քանի որ դա անտրամաբանական է, այդ պնդումը, այդ թեզը ճիշտ չէ. սա գործընթացի մեկնարկ է: Այլ միջպետական կամ վերպետական կազմակերպությունների անդամակցության վերաբերյալ ՀՀ իրավական ակտերը որևէ ֆեդերացիայի կամ կոնֆեդերացիայի անդամակցության մասին չեն:
Եթե խոսքը տեսականորեն վերաբերում է ԵԱՏՄ կոչվող մաքսային միությանը, ապա ՀՀ-ն չի կարող միաժամանակ անդամակցել ԵՄ կոնֆեդերացիային և լինել մեկ այլ մաքսային միության անդամ: Դրանք անհամատեղելի են իրար հետ: Եվ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, անկախ պետություն, կարող է որոշում կայացնել՝ ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը, և որոշում կայացնել, ներգրավվել որևէ կոնֆեդերացիայի կազմ: Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Եթե դա վերաբերում է ԵՄ անդամակցությանը, կարող է դա արվել միայն համապետական հանրաքվեի արդյունքներով»:
Ավելի վաղ ձևավորվել էր 52 հոգանոց նախաձեռնող խումբ, որը ներկայացրել էր «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնություն: Նախաձեռնողներն այն խորհրդարան մտցնելու համար օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար քաղաքացու ստորագրություն էին հավաքել: ՀՀ Կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել նախագծին, ապա Կառավարության և ԱԺ փորձագիտական խմբերը նախագծի համար եզրակացություններ էին ներկայացրել, որոնք քննարկվում էին ԱԺ հանձնաժողովի շրջանակում: