Հունվարի 23-ի առավոտյան ՌԴ ուժերը հարձակում են իրականացրել Զապորոժիեի ուղղությամբ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: DeepState նախագծի վերլուծաբանները գրում են, որ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Նովովասիլևկա գյուղը և առաջ են շարժվել ևս 9 բնակավայրի ուղղությամբ:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռևս չի մեկնաբանել Նովովասիլևկայի գրավման մասին տեղեկությունը։ Հունվարի 22-ի հաշվետվության մեջ ասվում է, որ օրվա ընթացքում ավելի քան 100 մարտական բախում է տեղի ունեցել, և ռուսները 800-ից ավելի անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր առավոտյան հայտնել է, որ Բելգորոդի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք։