Հունվարի 22-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսային մասում նոր հրդեհ է սկսվել, որը մի քանի ժամվա ընթացքում ընդգրկել է մոտ 40 քառակուսի կիլոմետր տարածք՝ հայտնել է Reuters-ը։ Տարածքի ավելի քան 30,000 բնակչի տրվել է պարտադիր տարհանման հրաման, ևս 23,000-ին խորհուրդ է տրվել տարհանվել՝ ասել է շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան:
Լոս Անջելեսի հյուսիսային արվարձանի Կաստայիկ շրջանում բռնկված հրդեհը վերահսկողությունից դուրս է եկել՝ հաղորդում է CNN-ը: Այն սպառնում է նաև շրջանի բանտին, և մոտավորապես 4500 բանտարկյալից 470-ին արդեն տեղափոխել են մեկ այլ շենք:
Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավար Էնթոնի Մարոնեն հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում է 4000 հրշեջ, որոնք կրակը մարում են գետնից և օդից: «Իրավիճակը դեռևս դինամիկ է, և հրդեհը դժվար է զսպել, թեև մենք աստիճանաբար հաղթահարում ենք այն»,- Մարոնեի խոսքերն է մեջբերում CNN-ը։