Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ը աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս մակարդակը, ընդգծել են, որ համագործակցային դաշտի ընդլայնման լավ հնարավորություններ կան, և պատրաստակամություն են հայտնել աշխատելու այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի:
Հունվարի 23-ին հյուրերին ընդունել է նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը: