Հայ-ղրղզական հարաբերությունները երկար տարիներ բարիդրացիական են, և մեր երկրների միջև կա կառուցողական քաղաքական երկխոսություն: Կա նաև այն իրավական, պայմանագրային հիմքը, որը ներառում է միջկառավարական տարատեսակ հանդիպումներ, համագորակցություններ տարբեր հարթակներում: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:
«Մենք ցանկանում ենք մեր ջանքերն ուղղել քաղաքական երկխոսության զարգացմանը և առևտրաշրջանառության բարելավմանը, տնտեսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ այդ պոտենցիալը, այդ ներուժը ամբողջովին չէ, որ օգտագործվում են: Այդ ներուժը կարելի է օգտագործել ավելին»,- ասաց նա:
Կուլուբաևը նաև նշեց, որ երկու երկրների միջև համագործակցության շրջանակում կդիտարկվեն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ստեղծարար տնտեսության և ՏՏ ոլորտներում զարգացումները: Վերոնշյալ ոլորտների շրջանակում Ղրղզստանը պատրաստ է համագործակցել նաև ՀԱՊԿ-ի շրջանակում:
Ղրղզստանի ԱԳ նախարարը նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխադարձ այցով հրավիրեց Ղրղզստանի Հանրապետություն:
«Մեզ շատ գոհացնում են այս արդյունքները, և շնորհակալ եմ, որ այս այցի ընթացքում այսքան ջերմ եք մեզ վերաբերվել»,- ասաց նա: