Ադրբեջան-Հայաստան․ 2024 թվականը նշանավորվել է երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, շփումների և գրավոր հաղորդակցության ինտենսիվությամբ՝ հիմնականում շոշափելով հարաբերությունների նորմալացման, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, սահմանի սահմանագծման ու սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար և այլ հարցեր։ Մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։ Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հրապարակած ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում։
«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։ Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։ Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները»,- նշվում է զեկույցում։