Արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում վերջին տարիներին միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության, Երոպական խորհրդի և առանձին եվրոպական երկրների աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ 4 ուղղություններով՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական ու իրավական ոլորտի վերափոխում, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի զարգացում: Այդ մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում առարկայական փոփոխություններ կան, ներդրվել և գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ինստիտուտը:
Նախարարը խոսեց բարեփոխումների շրջանակում թվայնացման օրակարգից:
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ կարողանան ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են պետության կողմից, և այս առումով կրկին քայլեր ենք ձեռնարկել՝ նկատի ունենալով մեզ հյուրընկալված երկրների փորձը (ԵՄ երկրների փորձը - խմբ.), նաև Էստոնիայի փորձը թվայնացման ոլորտում»,- ասաց նա: