Չնայած անվտանգային բոլոր սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է, մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում և ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ: Այդ մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման շրջանակում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այս համատեքստում կարևորելով վիզաների ազատականացման գործընթացը, ինչը, ըստ ԱԺ խոսնակի, հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին:
«Մեծապես կարևորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում, ինչը վստահաբար կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը:
Գոհունակությամբ պետք է նշել, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես թշնամական հռետորաբանության այն պայմաններում, որին մենք ականատես ենք:
Չեմ կարող չանդրադառնալ Արևելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել ԵՄ-ի հետ դեպի ավելի ամուր և խոր համագործակցություն»,- ասաց նա: