Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ:
Փոխվարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Սերբիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով տրամադրած աջակցության համար՝ ուղղված բռնի տեղահանված կանանց և երիտասարդների կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև հյուրընկալող համայնքներում վերջիններիս կենսապայմանների կայունացմանը:
Դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: