Սիրիայի նոր իշխանությունները խզել են Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական կողմի հետ 2019 թ.: Այդ մասին հայտնել է DW-ն՝ վկայակոչելով Al Watan online արաբալեզու առցանց պարբերականը։
«Չեղարկվել է ռուսական ընկերության հետ Տարտուս նավահանգստում ներդրումների մասին համաձայնագիրը։ Նավահանգստի գործունեությունից ստացված բոլոր եկամուտները կօգտագործվեն ի շահ սիրիական պետության»,- «Կոմերսանտ» թերթը մեջբերում է Տարտուս նահանգի մաքսային վարչության տնօրենի խոսքը:
«Ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ ներդրումային պայմանագիրը կնքվել է 2019 թվականին՝ 49 տարի ժամկետով,- հիշեցնում է «Կոմերսանտը»: Ըստ փաստաթղթի՝ ռուսական կողմը պետք է 500 միլիոն դոլարից ավելի ներդրումներ կատարեր և կառավարեր նավահանգիստը»։
Սիրիայի մեծությամբ երկրորդ նավահանգիստ Տարտուսում գործում է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը, դիտորդներն այն անվանում են «ռազմական բազա»:
ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ Մոսկվան բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ երկրում իր ռազմակայանները պահպանելու համար՝ տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ հետագա պայքարի նպատակով։
Սակայն դիտորդներն ու վերլուծաբանները վերջին շաբաթների ընթացքում արձանագրում են Սիրիայից ռուսական ռազմական տեխնիկայի դուրսբերման նշաններ։