ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Իրանի և նրա միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի սրացումից։
«Հուսով եմ՝ Իրանը հասկանում է, որ պետք է հստակ ցույց տա, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ»,- ասել է նա չորեքշաբթի Դավոսում յամաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Միևնույն ժամանակ, ըստ Գուտերեշի, դրա դիմաց Թեհրանը պետք է հնարավորություն ստանա ավելի ակտիվ առևտուր անել աշխարհի երկրների հետ։
«Սակայն կա հավանականություն, որ իրավիճակը ոչ թե այս կերպ կզարգանա, այլ դեպի էսկալացիա՝ հակամարտություն, որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Այդ հայտարարությունները հնչել են Իրանի նկատմամբ կոշտ մոտեցում ցուցաբերելու և նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ նոր վարչակազմի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Իրանի հետ զինված հակամարտություն սկսելու հնարավորությունը՝ միջուկային զենք ստեղծելու ենթադրյալ փորձերի պատճառով:
Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է միայն խաղաղ նպատակներ։ «Իրանը մտադիր չէ և չի ցանկանում միջուկային զենք ստեղծել»,- այս մասին հայտարարել է հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։